ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Հարմարվել ենք համազգային մակարդակի ցանկացած գարշահոտի

Հարմարվել ենք համազգային մակարդակի ցանկացած գարշահոտի
12.10.2025 | 15:18

Նուբարաշենի «դիվերսիան»

Աղբանոցի ծխից ի՞նչ վնաս կա, ծուխ է, թող ծխա: Մենակ Նուբարաշե՞նն է ծխում, մարզային աղբանոցները չե՞ն ծխում: Մեր երկրում կա՞ տարածք, որտեղ աղբ չկա, որ ծառ ու թփի տակ նայես՝ աղբ է լցված:

Մեր հասարակության համար աղբանոցի ծուխն ու կոյուղու հոտը նորմալ բան է: Մի քանի օր առաջ անցնում եմ Հրազդանի կիրճով, կոյուղու հոտը ամենուր է. Սա՝ աշնանը, թե ինչ «բուրմունք» է տիրում ձորում ամռանը, չեմ պատկերացնում: Մի կողմում «բուրավետ» կոյուղագետն է, մյուս կողմում՝ էլիտար, կլասիկ ոճի օբյեկտներ, որտեղ իր միջոցառումներն է անցկացնում հայաստանյան էլիտան: Կարևորը թանկանոց օծանելիքի բույրն է, բրենդային հագուստը, մեքենաները, պճնված կնանիք, երեխեքը, իսկ կոյուղու «բույրը»՝ հեչ, նորմալ է:

Օրեր անց գնում ենք էլիտար Ձորաղբյուր: Ասում են՝ Սերժն է այնտեղ բնակվում, հանրահայտ աստղեր, անշարժ գույքը ռեկորդային աճ է գրանցում: Աչքովս ընկնում է մի «բուրավետ» լճակ, որի հարևանությամբ օբյեկտներ են գործում: Հարցնում եմ՝ էս ի՞նչ լճակ է, տղերք, պատասխանից ուղեղս ստոպ է տալիս: Պարզվում է՝ էլիտար Ձորաղբյուրի կոյուղաջրերը լցվում են այդ լճակը: Ամռան շոգին հոտը տարածվում է ամենուր: Հայաստանյան էլիտա կոչվածի ճաշակն ու էությունն այդպիսին է, քանի միլիարդ էլ ունենա՝ հոգով աղքատ գեղցի է:

Մենք կորցրել ենք հոտառությունը, ավելի ճիշտ, չենք կորցրել, հարմարվել ենք համազգային մակարդակի ցանկացած գարշահոտի, ցանկացած դավաճանության, ստորության:

Սովորական բան է, մտնում ես հացի փուռ, հացի հոտ չի գալիս, մտնում ես մրգի խանութ, միրգ ու բանջարեղենի հոտ չի գալիս, ծորակի ջրից քլոր է «բուրում», կարծես ժավել ես խմում, խանութի առնովի ջրին քաղցր է խառնած: Բայց ջրերի երկիր Հայաստանում ջուրն ավելի թանկ է, քան Եվրոպայում, շատ ապրանքների գներ եվրոպական են: Նախկինում, նույնիսկ կարճ ժամանակով Հայաստանից բացակայելիս, Հայաստանի աղ ու հացին կարոտում, հիշում էիր չարենցյան Հայաստանի անուշահամ բարը, այժմ նման բան չկա, Հայաստնում սննդի որակը օրեցօր վատթարանում է, մեր ժողովրդի առողջական վատթար վիճակը, էկոլոգիայից բացի, նաև անորակ սննդի հետևանք է:

Զարմանալի չէ, որ Ավինյանի պես իդիոտը Երևանի քաղաքապետ է, ով Նուբարաշենի հրդեհը դիվերսիա է համարում: Ամեն ինչի մեղավորը 5-րդ շարասյունն է, ծուխն ու փոշին էլ նրանց կազմակերպած դիվերսիան է:

Երևան քաղաքը ոչնչացվել է, չտեսնելու ենք տալիս:

Ավինյան, ասում են՝ շինթույլտվության դիմաց մարդիկ նվազագույնը 50 միլիոն դրամ նորաձև կաշառք են տալիս, փողը օրինական փոխանցելով ինչ որ ՍՊԸ ի հաշվին, որը ֆորմալ «թղթաբանությամբ» է զբաղվում: Որտեղ ուզես՝ կկառուցես, ինչ չափսերի այլանդակություն ուզես՝ կկառուցես, 70 տոկոս ավտոկայանատեղիների փոխարեն 30 տոկոս կկառուցես, դրա ձևն էլ կա: Իսկ թե ինչ կլինի հետո, կարևոր չէ, բոլորը ճամպրուկային տրամադրությունների մեջ են, առնելիքը կառնեն-կթռնեն, թող ժողովուրդը մտածի այդ մրջնանոցներում ապրելու և բանկային լծի տակից դուրս գալու մասին: Ամենուր նույն պատկերն է՝ անճոռնի մրջնանոցներ, հարևանությամբ՝ հին ու կրկին անճոռնի տրուշչոբա-թաղամասեր, պլանավորում, ճարտարապետություն, քաղաքաշինություն չկա...

Սա էլ է դիվերսիա, այդպես չէ՞: Բայց այս դիվերսիան թշնամին իրականացնում է ձեր միջոցով, որպեսզի այս երկիրը դառնա կյանքի համար անպիտան, աղբանոցների, ծուխ ու փոշու, կոյուղու հոտի մեջ պարուրված տարածք:

Օրեր առաջ Սևան քաղաքում պարեկների մեծ ակտիվություն էր, կանգնեցնում ու խուզարկում էին մեքենաները: Հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում: Պատասխանը ցնցող է, ասում են՝ մեծ քանակությամբ, մոտ 10 կիլոգրամ նարկոտիկ է Սևան մտել, փնտրում են: Դե եկ, վարժապետ, ու մի խենթացիր...

Աստծու կողմից մոռացված իմ ծննդավայր գյուղաքաղաք Սևանում նարկոբիզնեսի լուրջ շրջանառություն կա, նարկոմանյան տարածում են դպրոցական հասակի երեխաների շրջանում: Երևանում սա վաղուց նորմա է դարձել, այժմ չարորակ մետաստազները տարածում են մարզերում: Նարկոմանիային զուգահեռ, խրախուսվում է հարբեցողությունը: Աշխարհում չկա երկիր, որտեղ փողոցներում ալկոհոլային խմիչքների գովազդ լինի, Հայաստանյան բոլոր մայրուղիների վրա օղու, գարեջրի ու գինու գովազդ է:

Սա դիվերսիա չէ՞, իհարկե, դիվերսիա է:

Հայաստանը անիծյալ «խաղաղության» սպառնալիքի տակ ոչնչացվում է մի խումբ անհայրենիք ստահակների ձեռքով: Այո, ձեզ ասում են՝ «խաղաղություն», բայց դուք սարսափած մտածում եք պատերազմի մասին. սա շատ նուրբ հնարք է, թշնամական ինֆորմացիոն դիվերսիա, որն Ալիևը, դամոկլյան սրի պես, կախել է մեր երկրի գլխին՝ Նիկոլի ձեռքով: «Ախ դուք, անիրավներ, ուրեմն «խաղաղություն» չե՞ք ցանկանում, այդ ու՞մ դեմ եք ուզում պատերազմել... »:

Մանկական վախերով մեզ հասցրին այս օրին, իսկ առջևում ավելի բարդ խնդիրների ենք բախվելու, սին հույսերով ինքներդ ձեզ չխաբեք, հայեր:

Այս ամենի ֆոնին Նուբարաշենի ծուխն ի՞նչ է, որ զարմանաք...

Խանումը Պեկինից եկել է, սիրտը խորոված է ուզում, հետո գուցե՝ բաղնիք, ֆայտոնով...

Արա Արայան

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ